Բլոգ

image

ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԵՍ ՔԱՇ ՀԱՎԱՔՈՒՄ

  • Լիլիթ Մարգարյան

«Առողջ սնունդ» հայեցակարգը քաշի նվազեցման սկզբունքորեն նոր մոտեցում է: Մենք առաջարկում ենք ճիշտ, բալանսավորված, առողջ սնունդ, որն առաքում ենք Ձեր կողմից նշված հասցեով ամեն օր: 

Մենք երաշխավորում ենք, որ «Առողջ սնունդ»-ի հետ Ձեր քաշի նվազեցումը կլինի արդյունավետ և անվտանգ: Ինչու՞: Մենք լուծում ենք այն բոլոր հիմնական խնդիրները, որոնց պատճառով Դուք չեք նիհարում: Առաջին հերթին, մենք ընտրում ենք այն սննդակարգը, որը բավարարում է Ձեր օրգանիզմի բոլոր հիմնական պահանջները: Այն բալանսավորված է, ոչ շատ խիստ և, հետևաբար, չի վնասում Ձեր առողջությանը: Ճիշտ ընտրված ծրագրի արդյունքում Դուք սովածության տանջալի զգացողություն չեք ունենում և, ուրեմն, «ձախողելու» հավանականությունը շատ փոքր է:

Երկրորդ, մեր սնունդն իրապես համեղ է: Սովորաբար դիետիկ կերակուրը լինում է անհամ, միօրինակ և ոչ գրավիչ: Այդ է պատճառը, որ մենք սկսում ենք երազել թխվածքաբլիթների կամ բեկոնի մասին և գնել դրանք ամեն անգամ, երբ տրամադրություն բարձրացնելու անհրաժեշտություն է լինում: Ամբողջ աշխարհի խոհանոցներից մենք վերցրել ենք լավագույնը, փորձել ենք նվազեցնել սննդակարգի կալորիականությունը` առանց համը կորցնելու: 

Երրորդ, Երևանում աշխատող մարդու համար ճիշտ սնվելը քաջագործություն է: Եվ այս խոսքում որևէ հեգնանք չկա` մթերք գնել, ամեն օր կերակուր պատրաստել, ճաշը վերցնել քեզ հետ, եթե գրասենյակի մոտ գտնվող սրճարանում չկան դիետիկ ուտեստներ, այս ամենը չափազանց բարդ է բիզնեսի ոլորտում ներգրավված և, ընդհանրապես, զբաղված մարդկանց համար: Մեր դիետան Ձեզ օգնում է նպատակին հասնել առանց կենսակերպը փոխելու: 
Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք կարողանաք սնվել համեղ, օգտակար և հարմար: Ամեն օր: Օրվա ընթացքում մի քանի անգամ: Վայելե՛ք:

image

ԻՄԱՑԵ՛Ք ՁԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

  • Լիլիթ Մարգարյան

Շուտով այս էջում Դուք կգտնեք հիմնական նյութափոխանակության ցուցանիշը հաշվարկելու և ճիշտ դիետա ընտրելու ավտոմատ համակարգ: Մինչ այդ կարող եք դա անել «ձեռքով»: Մեր մասնագետին ուղարկեք Ձեր տվյալները` հասակը, քաշը, սեռը, տարիքը, զբաղվածության բնագավառը և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաճախականությունը: Մեր մասնագետը կարող է հաշվարկել հիմնական նյութափոխանակության ցուցանիշը և ընտրել Ձեզ համար ճիշտ սննդակարգը: 
Անպայման նշե՛ք Ձեզ հետ կապ հաստատելու նախընտրելի միջոցը: 
Դեռևս չե՞ք կարողանում սկսել ճիշտ սնվել: Կարդացե՛ք այս հստակ ու հասկանալի սխեման:

1. Առաջինն, ինչ պետք է հիշել, ճիշտ սնվելու դասական սխեման է: Ճիշտ սնվելու ստանդարտ սխեման Ձեզ կօգնի մեկընդմիշտ սովորել, թե ինչ և երբ պետք է ուտել օրվա ընթացքում: Այսպես, ըստ առողջ սննդի դասական հասկացության մենք պետք է 5 անգամ սնունդ ընդունենք: Նախաճաշ = բարդ ածխաջրեր և/կամ սպիտակուց (շատ եփված վարսակ, մի բուռ հատապտուղ կամ ընկույզ, առանց շաքարի մյուսլի, մրգային սմուզի, ձվածեղ և այլն): Քաղցրը, եթե ցանկանում եք, պետք է նույնպես ուտել նախաճաշին կամ մինչև կեսօրվա 12:00-ը: Առաջին թեթև ուտելիքը, կախված նրանից, թե որքան հագեցած է եղել նախաճաշը, կարող է լինել մի բուռ ընկույզ, ցանկացած միրգ, մի քիչ չիր, ամբողջ ցորենի ալյուրից հաց կաթնաշոռային պանրով և այլ: Ճաշ = ածխաջրեր + սպիտակուց + մանրաթելեր: Օրինակ, հնդկաձավար շոգեխաշած ձկով + բանջարեղենային աղցան: Երկրորդ թեթև ուտելիքը պետք է կազմված լինի մեծամասամբ սպիտակուցից կամ մի քիչ հեշտ յուրացվող ածխաջրերից: Կարևոր է, առաջին թեթև ուտելիքի ընթացքում ևս, հետևել չափաբաժնին: Թեթև ուտելիքը չպետք է նույնքան շատ լինի, որքան ճաշը: Ընթրիք = սպիտակուց + մանրաթելեր: Ձուկ/լոբի/ձու/կաթնաշոռ + աղցան: Ահա և վերջ: Սա է ճիշտ սնվելու պարզ և իրապես գործող սխեման:

2. Կազմե՛ք գնումների ցուցակ: Այո՛, կարելի է, ինչպես և նախկինում, գալ խանութ և զամբյուղում դնել մթերքի սովորական դարձած փաթեթը: Բայց… չէ՞ որ մենք սահուն անցնում ենք ճիշտ սնվելուն, հետևաբար, նախապես հոգ տարեք այն մասին, որ գնումների ցուցակում ունենաք ձուկ, բանջարեղենի և մրգերի բազմագույն տեսականի, կանաչեղեն, կաթնաշոռ, ամբողջ ցորենի ալյուրից հաց, ձու:

3. Որպես նախորդ կետի շարունակություն՝ գնե՛ք շատ կանաչեղեն: Ոչ թե երկու ցողուն կանաչ սոխ, այլ տարատեսակ կանաչեղենի մի ամբողջություն: Դուք անկասկած կզգաք այն առույգությունն ու թարմությունը, որ Ձեզ կնվիրեն այս կանաչ «ընկերները»:

4. Մի՛ գնացեք սրճարան կամ խանութ, երբ սոված եք: Հասկանալի է, չէ՞… Բոլորս էլ սովածության պատճառով գնել կամ պատվիրել ենք չափից շատ և ոչ օգտակար սնունդ:

5. Պահածոները փոխարինե՛ք սառեցված մթերքով: Թթու լոլիկը, խրթխրթան վարունգը, ապակյա տարրայով անանասն անշուշտ շատ համեղ են, բայց աղի և արտադրական կոնսերվանտների քանակությունը մտածելու տեղիք պետք է տա: Այս ամենի փոխարեն զամբյուղում կարելի է դնել սառեցված թելիկավոր լոբու և բանջարեղենի տուփ: Արագ սառեցման ժամանակակից մեթոդը թույլ է տալիս պահպանել բանջարեղենի և մրգերի վիտամինները, և ուրեմն, օգտակար է:

6. Դադարե՛ք ուտել պատրաստի կերակուր: Այո՛, այո՛, պելմենու, սառեցված չեբուրեկիի, վարենիկների և բլինչիկների տուփերը թողեք ուրիշներին:

7. Հրաժարվե՛ք սպիտակ հացից: Եթե դժվար եք պատկերացնում ընթրիքն առանց հացի, ապա ավելի լավ է ընտրել ամբողջ ցորենի ալյուրից հաց, առանց խմորիչի լավաշ և նմանատիպ թեթև տարբերակներ:

8. Օգտագործե՛ք բնական շաքար: Կոնֆետեղենը և թեյի սպիտակ շաքարը փոխարինե՛ք մեղրով և մրգերով: Ավելին, ընդհանրապես մոռացե՛ք սպիտակ շաքարով թեյի մասին: Եթե կոնֆետը մարսելու համար դեռ մի քանի կալորիա կծախսվի, ապա քաղցր թեյն անմիջապես կանցնի արյան մեջ և կխախտի կայունությունը:

9. Փորձե՛ք հրաժարվել փողոցասրճարանային ուտելիքից: Ընկերների հետ հանդիպումներն իհարկե չեն արգելվում, այնուամենայնիվ, սրճարանում սնվել պետք է ոչ ավելի հաճախ, քան երկու շաբաթը մեկ անգամ: Այս կերպ օգտակար և առողջ սնունդ ընտրելն առավել հեշտ կլինի:

10. Վատ ուտելիքը» գնե՛ք փոքր չափաբաժիններով: Ոչ բոլորին կհաջողվի անմիջապես հրաժարվել չիպսի տուփից: Եվ ուրեմն, բացառիկ դեպքերում՝ ամիսը մեկ անգամ, կարելի է թույլ տալ չիպս ուտել, բայց ամենափոքր տուփով: Այո՛, մեծ տուփն ավելի մատչելի և շահավետ է, բայց չէ որ մենք ուզում ենք մեզ ուրախացնել, այլ ոչ թե շատ ուտել:

11. Օգտակար սնունդը թո՛ղ միշտ աչքի առաջ լինի: Խնձորը, բանանը, հացահատիկային օգտակար թխվածքաբլիթները պետք է լինեն սեղանի կենտրոնում: Պետք չէ դրանք թաքցնել սառնարանի խորքում: Թո՛ղ միշտ լինեն հասանելիության սահմաններում:

12. Մի՛ հաշվեք կալորիաները: Եթե Դուք կարծում եք, որ ճիշտ սնվելը կալորիաների բծախնդիր հաշվարկ է և յուրաքանչյուր գրամի կշռում, ապա սխալվում եք: Միակ բանը, որին պետք է ուշադիր լինեք՝ չափաբաժինն է: Հավատացե՛ք, Դուք կես ափսեի չափով սպագետիի դեպքում էլ կհագենաք, եթե ավելացնեք թարմ բանջարեղենային աղցան:

13. Խմե՛ք ջուր: Ստանդարտ, բայց շատ կարևոր և որոշիչ խորհուրդ է: Օրգանիզմը պետք է անպայման ստանա մաքուր հեղուկի անհրաժեշտ քանակությունը:”